Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Գոյություն չունի 42-ի հարց։ Գոյություն ունի Նաիրի Հունանյանի հարց»

«Գոյություն չունի 42-ի հարց։ Գոյություն ունի Նաիրի Հունանյանի հարց»
26.12.2008 | 00:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հարգարժան պարոն նախագահ
Վերջին շրջանում 40 նախկին մահվան դատապարտվածների խնդրի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ եղան։ Դրանց մի մասը հղված էր Ձեզ, սակայն Ձեր աշխատակազմը, հարմար չգտնելով նման «երկրորդական» հարցերով Ձեզ անհանգստացնել, դրանք ուղարկում էր արդարադատության նախարարություն։
Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը հանգամանորեն պատասխանում էր յուրաքանչյուր նամակի, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնել նախարարին։
Այսինքն, թվում է, թե ապրում ենք օրինապահ երկրում, որտեղ ամեն մեկն իր գործի մասնագետն է։ Նախագահին ուղարկում են օրենքներից բխող մի բողոք-նամակ, նախագահն էլ իրավագետ նախարարին է թողնում դրանց պատասխանելու հոգսը, արդարադատության նախարարն էլ այդ բանն անում է ամենայն բծախնդրությամբ։
Մնում է, որ 40 նախկին մահվան դատապարտվածները, որոնք օրենքի խախտումով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից «ներում» են ստացել ու այժմ համարվում են ցմահ ազատազրկվածներ, բավարարվեն դրանով ու դադարեցնեն իրենց բողոքը։
Սակայն մենք բավարարված չենք, ուստի շարունակում ենք բողոքել։
Հավատալով, որ Դուք դեռևս տեղյակ չեք այս բողոքի մասին, ու հիմնվելով այն ենթադրության վրա, որ Ձեր աշխատակազմն առանց այդ մասին զգուշացնելու է մեր նամակներն ուղարկում պարոն Դանիելյանին, մեկ անգամ ևս փորձում ենք բաց նամակի միջոցով հայցել Ձեր արդարադատ միջամտությունը։
Եվ այսպես, մենք պնդում ենք, որ չի կարելի որևէ մեկի նկատմամբ կիրառել պատիժ, որը գոյություն չի ունեցել հանցանքի կատարման ժամանակ, պարոն նախարարն անմիջապես շեշտում է, որ ներման անհրաժեշտության պահին է որոշվում, թե որ օրենքներն են գործում։ Ըստ նրա, նախագահի ներումն արդյունք է այն պահանջի, որ ստեղծվեց քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն, պահանջը ստեղծվեց 2003 թվի օգոստոսի մեկին, ժամը 00։01-ին, երբ կիրառության մեջ դրվեց քրեական նոր օրենսգիրքը, որում մահապատիժը, որպես պատժաձև, գոյություն չուներ։ Երբ պարոն Քոչարյանն առավոտյան սկսեց իր աշխատանքային օրը, նկատեց այդ պահանջն ու անմիջապես օգտվեց «ողորմածորեն» ներում շնորհելու իր իրավունքից։ Այսինքն, պարոն Դանիելյանն ասում է հետևյալը. «Նախագահի ներում շնորհելու պահին չեն գործել բոլոր այն օրենքները, որոնք արգելում են, որ հանցանքի կատարման ժամանակ գոյություն չունեցող պատիժները բանեցվեն ներման ենթակա անձանց նկատմամբ»։
Իսկ երբ խոսում ենք այն մասին, որ նույն օգոստոսի 1-ին նույնպես գործում էր «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքը, որն արգելում էր մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ, այս անգամ պարոն նախարարը մոռանում է այդ որոշիչ «պահն» ու խոսում 2006-ի մասին, մատնանշելով, թե մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելն արգելող օրենքը վերախմբագրվել է 2006-ին։ Այսինքն, պրն նախարարն ասում է հետևյալը. «Նախագահ Ռ. Քոչարյանի` 2003 թվի օգոստոսի ներման հրամանագիրը ճիշտ էր, որովհետև 2006-ի սեպտեմբերին այդ բանն արդեն թույլատրվում էր»։
Պարոն Դանիելյանն օգտագործում է «ներման անհրաժեշտության ծագման» պահի վերաբերյալ իր մոտեցումը, երբ խոսվում է այն մասին, որ ցմահ ազատազրկումը հանցանքի կատարման ժամանակ որպես պատժատեսակ գոյություն չուներ, ու մոռանում է այդ մասին, երբ հարցը «քրեական օրենսգիրքն ուժի մեջ դնելու մասին» օրենքից է խոսում։
Պարոն նախարարը նաև չի պատասխանում այն հարցին, թե ի՞նչ էր լինելու, եթե պարոն Քոչարյանը «ներում» չշնորհեր։ Պարզ չէ՞, որ 42 նախկին մահվան դատապարտվածների պատիժը 15 տարի ազատազրկումով էր փոխարինվելու, ինչպես պահանջում է օրենքը, և ինչպես տեղի է ունեցել ԱՊՀ-ի մյուս բոլոր երկրներում` Ադրբեջանից բացի։ Ի վերջո, եթե մահապատիժը գոյություն չուներ, ինքնաբերաբար պատիժները փոխվում էին 15 տարի ազատազրկմամբ, այսինքն, հաջորդ ամենածանր պատժով։ Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանի` «ողորմածաբար» շնորհած «ներումը» պատժի խստացում էր նշանակում։ 2003-ի օգոստոսի մեկին, երբ մահապատիժն արդեն գոյություն չուներ, 40 մահվան դատապարտվածներ արդեն իսկ ինքնաբերաբար 15 տարով ազատազրկման պատիժն էին կրում։ Հետևաբար, ոչ թե մահապատիժն է ներվել ու ցմահ ազատազրկումով փոխարինվել, որպես պատժի մեղմացում, այլ 15 տարի ազատազրկումն է ծանրացվել ու անօրինաբար փոխարինվել ցմահ ազատազրկմամբ։
Ի վերջո, խոսքն այն մասին էր, որ մարդու իրավունքների խարտիաները հիմնվում են այն մոտեցման վրա, ըստ որի` դիտավորյալ հանցանք կատարելուց առաջ ապագա հանցագործը պիտի իմանա, թե իրեն ինչ պատիժ է հասնում ու կշռադատի մի կողմից` պատիժը կրելու, մյուս կողմից` հանցանքը քողարկելու հավանականությունը։ Ի վերջո, նա կարող է վախենալ տվյալ հանցանքին համապատասխանող պատժից ու չկատարել այդ հանցանքը։ Կամ էլ հանդգնել ու կատարել` լավ իմանալով, որ ձերբակալվելու դեպքում ինքը ստանալու է, օրինակ, տնտեսական տույժ։ ՈՒ հանկարծ հանցանքի կատարումից, ասենք, 5-6 տարի հետո գալիս են ու իրեն ասում, որ նոր քրեական օրենսգիրք է մտել ուժի մեջ, ըստ որի` այդ հանցանքի համար այսուհետ կալանք է նախատեսված։ Այս նույն տրամաբանությամբ չէր կարելի մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ, քանի որ այն գոյություն չուներ օրենսգրքում, երբ հանցանքը կատարվեց։ Այո, այսքան պարզ։ Այսքան հստակ։ Սևով սպիտակի վրա գրված։ Մեզ համար զարմանալի է, թե ինչո՞ւ այսքան ծայրահեղորեն են անտեսվում մեր փաստարկները։
Նման բան միայն Ադրբեջանում կարելի էր պատկերացնել։ Նույնիսկ եվրոպացիք են հասկանում, որ Հայաստանի պարագայում դա անպատկերացնելի իրողություն է։ Ի՞նչ, դուրս է գալիս, որ մենք ադրբեջանցիների նման դաժան ու տմարդի ա՞զգ ենք դարձել։
Երբ մեր հանդիպումների ժամանակ պարոն Դանիելյանին հարց էինք տալիս, թե նա որպես անհատ կարո՞ղ է միանշանակ հայտարարել, որ բացառում է, թե 42 նախկին մահվան դատապարտվածների որևէ մեկի պատիժն անարդար կամ չափազանցված է, նա խուսափում էր պատասխանել այդ հարցին` փոխարենը մեր մոտեցումը համարելով հուզական։
Խոսենք, թե ո՛ր վարքն է հուզական։ Ի վերջո, ճշմարտություններն, ինչպես պարոն նախագահն է ցանկանում, այս երկրում բացահայտվելո՞ւ են, թե՞ ոչ։
Ճշմարտությունն այն է, որ Հայաստանում գոյություն ունի մի «կաստա», որն իր ներկայացուցիչներն ունի նաև պետական ապարատից ներս։ Հենց այդ «կաստան» է առաջնորդվում հուզականությամբ, վրեժով, կասկածամտությամբ, նախանձով ու չարությամբ։ Օրենքն այդ դասի համար խիստ երկրորդական է, բռնությունն ու ամենաթողությունն են նրա տասը պատվիրանները։
Ինչո՞ւ այդքան ջանասիրաբար է պարոն նախարարը պաշտպանում իր դիրքերը` շատ լավ գիտակցելով, որ մեր փաստարկները բացարձակապես հիմնավորված են ու ճիշտ։ Պարզապես պարոն նախարարը մեզ նման շատ լավ հասկանում է, որ իրականության մեջ գոյություն չունի 42-ի հարց։ Գոյություն ունի միայն ու միայն Նաիրի Հունանյանի հարց` վրեժի հարց։
Խնդիրն այն է, որ եթե հիմնվենք հանցանքի պահին գործող պատժատեսակից բացի այլ պատժատեսակով պատժելն արգելող մեր ու միջազգային օրենքների վրա, Նաիրի Հունանյանի պատիժը նույնպես 15 տարվա ազատազրկմամբ պետք է փոխարինվի։
Հավանաբար, որոշ մարդիկ որոշել են, որ Նաիրի Հունանյանը պետք է մնա բանտում ցմահ։ Սակայն այդ բանը կատարելու համար պետք է անտեսվի օրենքի այն պահանջը, ըստ որի, չի կարելի տալ այն պատիժը, որը գոյություն չուներ հանցանքի կատարման պահին։ ՈՒ եթե օրենքը պիտի անտեսվի, այն պետք է անտեսվի նաև մյուս ցմահ ազատազրկման դատապարտվածների պարագայում։ Այսինքն, 40 նախկին մահապարտներս դատապարտված ենք մնալու բանտում այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում առկա են օրենքը երկրորդական համարող կաստա ու Նաիրի Հունանյանի նկատմամբ տածած վրեժի զգացումից կուրացած մարդիկ։
ՈՒստի 40 նախկին մահվան դատապարտվածների (որոնց մաս չեն կազմում հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածները) ու արդարադատության նախարար պարոն Դանիելյանի միջև «խուլերի» այս բանավեճը ոչ մի արդյունքի չի կարող հանգեցնել, եթե Դուք, պարոն նախագահ, մեկ անգամ և ընդմիշտ որոշում չկայացնեք այն մասին, որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՆԽՏԻՐ։ Անշուշտ, այստեղ հարցը Նաիրին չէ, ոչ էլ իմ, Ձեր կամ ցանկացած հայի կարծիքը հոկտեմբերի 27-ի մասին։ Հարցն այն մասին է, թե դեռ ինչքան պիտի տևի այս ամենաթողությունը, որի պայմաններում իրավական բնագավառի ամեն մի ֆունկցիոներ կարող է օրենքները մեկնաբանել իր ճաշակով, ուր դատախազի մի զանգ բավարար է անգամ ամենաքաջ դատավորի մեջ զարհուրելի վտանգի զգացողություն ծնելու համար։
Եթե մեր նկատմամբ արդարությունը պիտի շարունակի անտեսված մնալ, ու եթե չեն գործելու օրենքներն այն պարզ պատճառով, որ Նաիրի Հունանյանի պատիժն էլ կարող է մեղմվել, ապա ստիպված ենք լինելու ինքներս մեզ քաղաքական բանտարկյալ համարել։ Եթե Նաիրի Հունանյանի ստացած ցմահ ազատազրկման պատժի չփոփոխումն է մեր 40-ի պատժի չփոփոխման հիմնական պատճառը, ուրեմն, 40 Նաիրի Հունանյանի հարց է ծագելու Հայաստանում։
Որոշումը Ձերն է, պարոն նախագահ։
Սողոմոն ՔՈՉԱՐՅԱՆ
Մահվան դատապարտված ազատամարտիկ

Դիտվել է՝ 5066

Մեկնաբանություններ